Թերթը գրում է, որ իր  ունեցած տեղեկություններով՝ անցած շաբաթվա վերջին Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը ռուսական քաղաքական շրջանակների հրավերով մի քանի օրով եղել է Մոսկվայում: «Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նա հանդիպումներ է ունեցել ռուսական երկու հիմնական  ուժերի ներկայացուցիչների հետ: Մեզ չհաջողվեց ճշտել, թե հատկապես որ ուժերի ներկայացուցիչների հետ է հանդիպել պրն Զուրաբյանը, սակայն ենթադրություններ կան, որ այդ ուժերից մեկը Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունն է, որը Պետդումայում բավականին մեծ թվով ներկայացուցիչներ ունի: Մեր աղբյուրը փոխանցում է նաեւ, որ պրն Զուրաբյանի հանդիպումների կազմակերպիչը եղել է մոսկովյան «Միաբանություն» ակումբի նախագահ, հայազգի Սմբատ Կարախանյանը, որը կապեր ունի ՌԴ նախագահի աշխատակազմում:

Ի դեպ, խոսակցություններ են պտտվում, որ Լեւոն Զուրաբյանի՝ ամռանը Մոսկվա կատարած այցից հետո նրան Ռուսաստանի մայրաքաղաքից բավականին երկար ժամանակ չէին անհանգստացրել: Ասում են, որ անգամ վերջինիս հեռախոսազանգերն էլ էին անպատասխան մնացել: Երկարատեւ դադարից հետո ՌԴ մայրաքաղաք այս այցելությունից, ասում են, պրն Զուրաբյանը գոհունակությամբ է վերադարձել: Մեր ունեցած այս տեղեկությունների վերաբերյալ չհաջողվեց ՀԱԿ-ից մեկնաբանություններ ստանալ»,- գրում է «Առավոտ»-ը: