Պաշտոնական այցով Դանիայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, նոյեմբերի 24-ին, ծավալուն ելույթ է ունեցել Արտաքին քաղաքականության դանիական ասոցիացիայում:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ելույթից հետո, պատասխանելով հարցերին, Էդվարդ Նալբանդյանն, անդրադառնալով Թուրքիայից հնչող հայտարարություններին, թե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ ոչ բոլոր հարցերի շուրջ էր պայմանավորվածություն ձեռք բերվել, ասել է. «Նման հայտարարություններն առնվազն տարակուսանք են առաջացնում. արդյոք Թուրքիան բոլոր համաձայնագրե՞րն է ստորագրում առանց վերջնական համաձայնեցման կամ ինչո՞ւ է ստորագրում, եթե համաձայն չէ համաձայնագրի բովանդակության հետ»:Նալբանդյանի ելույթին ներկա են եղել Դանիայի ԱԳՆ պաշտոնյաներ, Կոպենհագենում հավատարմագրված դիվանագետներ, լրագրողներ եւ փորձագետներ:
Այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը նաեւ ծավալուն հարցազրույց է տվել դանիական խոշորագույն «Politiken» օրաթերթին:


























