Հայտնի բեւեռախույզ, Պետդումայի նախկին փոխնախագահ Արթուր Չիլինգարովը նոյեմբերի 25-ին պաշտոնապես սկսել է իրականացնել Դաշնության Խորհրդի անդամի պարտականությունները:
Այսօր կայացած նիստում վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոն նրան է հանձնել սենատորի վկայականը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշենք, որ Չիլինգարովը հոկտեմբերին ընտրվել է Տուլայի մարզի պատգամավորների խորհրդի կազմում եւ դադարեցրել է Պետդումայի պատգամավորի լիազորությունները: Նոյեմբերի 11-ին նա ստացել էր Տուլայի քաղաքային խորհրդի պատգամավորի վկայականը:
Արթուր Չիլինգարովը եղել է Պետդումայի հինգ գումարումների պատգամավոր: Նա Ռուսաստանի եւ Խորհրդային Միության հերոս է, պարգեւատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով եւ Անանիա Շիրակացի մեդալով:
Նշենք, որ հյուսիսային բեւեռ կատարած իր վերջին ուղեւորության ընթացքում Չիլինգարովը բարձրացրել է նաեւ Հայաստանի դրոշը:



























