Փաստացի, ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի սպառազինման ծրագրի կազմման աշխատանքն ավարտված է, եւ նախատեսվում է դեկտեմբերի 20-ին ՀԱՊԿ-ի կայանալիք նիստում այն ներկայացնել նախագահների հաստատմանը: Այս մասին Երեւանում նոյեմբերի 25-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` պատասխանելով այն հարցին, թե արդյոք մտադրություններ կան հայկական զինված ուժերը ժամանակակից սպառազինություններով ապահովելու:
Ըստ Բորդյուժայի` ծրագիրը ենթադրում է ՀԱՊԿ ԱԱՀՈՒ-ի զորախմբերին ժամանակակից սպառազինություններով ապահովելը, այդ թվում` հայկական ստորաբաժանումներին:
Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը, Բորդյուժան ընդգծել է, որ Հայաստանում որոշ տեսակի սպառազինությունների ռուսական սպասարկման, վերանորոգման, արդիականացման կենտրոններ ստեղծելն արդեն իրական է. «Սա եւս ավանդ է հայկական ԶՈՒ-ն ժամանակակից սպառազինություններով ապահովելու գործում»:



























