Առաջիկա 30 տարում, 30 տոկոս հավանականություն կա, որ Ճապոնիայում կարող է կրկնվել 2011-ի գարնանը Ճապոնիայում տեղի ունեցած 9 բալ ուժգնության երկրաշարժը: Նման տվյալներ է հրապարակել ճապոնական «Ասահի» թերթը:
Սեյսմոլոգների փոխանցմամբ, նոր երկրաշարժի էպիկենտրոնը կարող է գտնվել Խաղաղ օվկիանոսում` Հոնսյու կղզու մոտ: Նոր հզոր երկրաշարժի պատճառ կարող է դառնալ տեկտոնական սալիկների էներգիան, որն ամբողջությամբ չի ազատվել գարնանը տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ:
Մեծ է նաեւ ավելի թույլ երկրաշարժի հավանականությունը, մասնավորապես, Ճապոնիայի հյուսիսային շրջաններում: Ավելի քան 7,6 մագնիտուդ ուժգնության ստորերկրյա ցնցումների հավանականություն կա Իվատե եւ Աոմորի պրեֆեկտուրաների ափերի մոտ:
Սեյսմոլոգները նաեւ պարզել են, որ այս տարվա գարնանը տեղի ունեցած երկրաշարժի հզորության երկրաշարժեր Ճապոնիայում տեղի են ունենում մոտավորապես 600 տարին մեկ անգամ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:



























