Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել «ԱՄՆ հայ վետերանները» ընկերակցության մի խումբ անդամների:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախ-Սփյուռք հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել մատաղ սերնդի հայեցի դաստիարակության խնդիրներին: Երկրի ղեկավարը կարեւորել է «ԱՄՆ հայ վետերանները» ընկերակցության դերակատարությունը այս գործում` նշելով Արցախի ազատամարտիկների միության հետ կապերի խորացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցել են Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: