Հայաստանի ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նոյեմբերի 25-ին Երեւանում համատեղ միջոցառումների ծրագիր են ստորագրել: Ծրագրով նախատեսվում է Հայաստանի պատվիրակության Մոսկվա կատարած այցի եւ Երեւանում աշխատանքային խմբի բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործում:

Ինչպես ստորագրման արարողությունից հետո նշել է Նիկոլայ Բորդյուժան, այցը արդյունավետ էր եւ հաջողված, իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը օգտակար կլինի Հայատանի եւ ՌԴ-ի անվտանգության ամրապնդման համար: Նրա խոսքով` նման այցերի եւ մանրամասն քննարկումների առանձնահատուկ արդյունավետությունը թույլ է տալիս ներկայացնել առաջնահերթ հարցերը: Այս կապակցությամբ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը գոհունակություն հայտնեց ամուր համագործակցության վերաբերյալ:

Իր հերթին, Հայաստանի ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ընդգծելով ստորագրված փաստաթղթի կարեւորությունը,  հայտնել է, որ դրա շրջանակներում նախատեսվում է 15 միջոցառումներ անցկացնել Երեւանում եւ Մոսկվայում: Միջոցառումները վերաբերում են տարբեր ոլորտների` ռազմատեխնիկական, տեղեկատվական համագործակցությանը: Ըստ Բաղդասարյանի` այդ միջոցառումների անցկացումը Հայաստանի անվտանգության բարձրացման տեսանկյունից կարեւոր նշանակություն կունենան: Խոսելով Հայաստանի տարածքում 2012թ. նախատեսված ՀԱՊԿ-ի ԱԱՀՈՒ-ի ուսումնավարժանքների մասին` Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ դրանք ամենաբարձր մակարդակով կանցկացվեն:

 ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի խոսքով` Ծրագրի ստորագրմանը նախորդել է նոյեմբերի 16-17-ին Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության այցը Մոսկվա: Այցի ընթացքում կլոր սեղանի ոճի աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ-ի քարտուղարության հետ Հայաստանի հետագա համագործակցության, 2010թ. ՀԱՊԿ-ի դեկտեմբերյան նստաշրջանի որոշումների իրագործման եւ Աստանայի օգոստոսի 12-ի ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման մի շարք հարցեր, որոնք ծրագրված էին օրենսդրական մարմինների որոշումների կատարման շրջանակներում: Հատուկ ուշադրություն է դարձվում Հայաստանի պաշտպանության նախարարության եւ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության միջեւ ստորագրված ռազմատեխնիկական եւ ռազմատնտեսական համագործակցության հուշագրի իրականացմանը: