Արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է: ՀՅԴ-ի համար կարեւոր է որ իշխանությունները լինեն ուժեղ եւ կարողանան նախաձեռնող եւ ինքնավստահ լինել: Այս մասին այսօր` նոյեմբերի 25-ին, Հայաստանի արտաքին մարտահրավերներին նվիրված քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ բյուրոյի ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Անդրադառնալով, ԼՂ խնդրին, նա նշեց. «Առանց Արցախի վերաբնակեցման պետք չէ մեծ բաներ ակնկալել: Արցախի հարցում բանակցություններին զուգահեռ պետք է լինի ճանաչմանը նվիրված աշխատանք»:

Ինչ վերաբերում է ԼՂՀ ճանաչման խնդրին, որի նախաձեռնությամբ հանդես է գալիս «Ժառանգություն» կուսակցությունը, Կ. Մանոյանն ասաց. «Հայաստանը պետք է Ղարաբաղը ճանաչեր 1991-1992 թվականներին, բայց հիմա գործընթացի մեջ ենք, չի կարելի: Բայց դա չի նշանակում, որ հասարակական կազմակերպությունները, հենց ինքը` ԼՂՀ-ն, չեն կարող ճանաչմանն ուղղված քայլեր անել:

Երբ բանակցությունները մտնեն փակուղի, Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը»:

Երկրորդ կարեւոր խնդիրը Հայաստանի համար, ըստ դաշնակցական գործչի, Ջավախքի հարցն է: «Դա ոչ միայն Ջավախքի հայության, այլեւ Հայաստանի ազգային անվտանգության հարցն է: Այսօր Հայաստանի եւ Վրաստանի նախագահների հարաբերությունները սերտն են, բայց ջավախահայերի հաշվին: Հայաստանը պետք է լինի վճռական, հասկանալով, որ Վրաստանը մեր հիմնական ճանապարհն է, բայց իրենք ունեն թույլ օղակ»,- ընդգծեց նա:

Այնուհետեւ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, Մանոյանը նկատեց. «Ռուսաստանի հետ մեր պահվածքը պետք է լինի հավասարը հավասարի, այլ ոչ` թե խնդրարկուի պահվածք»: