Լեռնային Ղարաբաղի հարցում պետք է շտկել այն բազմաթիվ սխալները, որ իրականացրել է հեղաշրջմամբ եւ արյունով իշխանության եկած վարչակազմը: Այս մասին այսօր` նոյեմբերի 25-ին, Հայաստանի արտաքին մարտահրավերներին նվիրված քննարկման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքով, ՀԱԿ-ի համար անկյունաքարային արտաքին քաղաքական խնդիրներն են ղարաբաղյան հակամարտությունն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
«Հայ-թուրքական հարաբերությունների հարցում մեզ մեղադրում են, թե մեր մոտեցումները չեն տարբերվում իշխանության մոտեցումներից: Դա այդպես չէ, մենք դեմ ենք հայ-թուրքական արձանագրություններին այս տեսքով: Խնդիրն առաջին հերթին պատմաբանների ենթահանձնաժողով ստեղծելու առաջարկն է: Դա հենց հիմնական խոչընդոտն է արձանագրությունները կյանքի կոչելու համար»,- նշեց Վ. Կարապետյանը:
Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերություններին, ՀԱԿ անդամն ասաց. «Մենք կարեւորում ենք Վրաստանի հետ հարաբերություններն ավելի բարձր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը, քանի որ նման պայմաններում կարելի է լուծել ցանկացած հարց»:



























