Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Բ-ն Մոսկվայում ավարտվող այցի ընթացքում դիմել է ռուսական ղեկավարությանը` խնդրելով վերահուղարկավորել Ռուսաստանում թաղված վրացի երկու թագավորներին: Այս մասին, Թբիլիսի վերադառնալով, հայտնել է վրաց եկեղեցու առաջնորդը:

Խոսքը վրացական Բագրատիոնների դինաստիայի XVIII դարում թագավորած Վախթանգ VI  եւ Թեյմուրազ II թագավորների մասին է, որոնք երկուսն էլ Աստրախանում են թաղված:

«Վրացի այս թագավորները ժամանակին ավանդել են, որ իրենց հայրենիքում հուղարկավորեն, ուստի մենք խնդրել ենք ՌԴ  նախագահ Դմիտրի Մեդվեդեւին եւ պատրիարք Կիրիլին, որպեսզի թույլ տան իրագործել դա»,-նշել է Իլիա Բ-ն:  Ըստ նրա` ռուսական կողմին արդեն ներկայացվել են անհրաժեշտ փաստաթղթերը եւ այժմ հարցն ուսումնասիրման փուլում է, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Վրաց ուղղափառ եկեղեցու քարտուղար Միխայիլ Բոտկովելին «Նովոստի Գռուզիա» գործակալությանը հայտնել է, որ թագավորների հուղարկավորման վայրը դեռ որոշված չէ, այն պետք է որոշեն եկեղեցին, հասարակությունը եւ Վրաստանի իշխանությունները:

Հիշեցնենք, Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Բ-ն նոյեմբերի 18-24-ը այցելել է Մոսկվա` Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ծննդյան 65-ամյակի տոնակատարություններին մասնակցելու: Նոյեմբերի 23-ին նա Աստվածային պատարագ է  մատուցել Սբ. նահատակ Գեորգիի մոսկովյան տաճարում: