NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է արգենտինական «Diario Armenia» պարբերականում հրապարակված Խորխե Ռուբեն Ղազանջյանի հոդվածը.

«Մի քանի շաբաթ առաջ տեղեկացանք Արգենտինայում Ադրբեջանի դեսպանի ինտենսիվ  գործունեության մասին: Ունենալով մեծ բյուջե` դիվանագետը հանդիպումներ էր ունեցել տասնյակ օրենսդիրների, բարձրաստիճան պաշտոնյաների հետ` ջանալով կատարել  իր առջեւ դրված խնդիրը: Նրա քարոզը որոշ օրենսդիրների եւ պաշտոնյաների շրջանում արձագանք գտավ,  ոմանք ընդունեցին Ադրբեջան ացելելու  եւ «Կովկասի ամենազարգացած հանրապետությանը» ծանոթանալու «հրավերը»:

Յուրաքանչյուր հյուր ձեռք բերեց ղարբաղայան հակամարտության վերաբերյալ «դաս» առնելու «առավելություն», բնականաբար, Ալիեւի  եւ նրա մերձավորների հեքիաթներին համահունչ:

Ակնհայտ է, որ Բաքուն մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանում Հայ ազգային կոմիտեի գործունեության արդյունքներին: Արգենտինայում Ադրբեջանի դեսպանության բացմանը  հաջորդեց փոխկապակցված իրադարձությունների մի շարք: Այս շաբաթ Կատամարկայից ընտրված պատգամավորը Ազգային կոնգրեսում մեծ պաթոսով ներկայացրեց Բաքվում Արգենտինայի դեսպանատուն բացելու առաջարկը: Իհարկե, նման արձագանք կարելի էր սպասել հակառակորդից, ով գիտակցում է, որ  այդ մարտը նախապես ադեն տանուլ է տված, թեեւ փորձում է  դրա օրինականությունը հաստատել  նավթադոլարներով լցված իր դրամապանակի շորհիվ, որը կարող էր ուղղվել սեփական ժողովրդի բարեկեցությանը:

Հակակահայ  քարոզչությունը կարող է  աճել առաջիկայում` կապված  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի` Արգենտինա կատարելիք առաջիկա այցի հետ, որը պայմանավորված է  «Հայաստան» համահայկական հիմնադրամի  հեռուստամարաթոնով: Դա նաեւ  կարեւոր խթան է հայկական հարցի կարեւորությունը նշելու համար: Համայնքը պետք է նրան ընդունի իր ողջ խանդավառությամբ եւ հայրենասիրական հավատարմությամբ: Սահակյանը  մարմնավորում է համարձակ ղարաբաղցուն, ով պայքարում է` չկորցնելու համար իր ինքնությունը, իր հայրենիքն ու ազատությունը:

Ադրբեջանցիներն, անկասկած, կարձագանքնեն նրա այցին:  Դեսպանը կոշտ նոտա է ուղարկել արգենտինական խորհրդարան` պահանջելով, որ «անջատողական առաջնորդը» չընդունվի օրենսդիրների կողմից: Արգենտինայի հայերը Արցախի մեր եղբայրների նկատմամբ բարոյական պարտավորություն ունեն, մենք պետք է բարձրացնենք մեր ձայնը` ի պաշտպանություն նախագահ Սահակայնի: Մեր պահանջի արդարացիությունն  անվիճելի է»: