Ավստրալիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի յոթ անդամներ Ավստրալիայի իշխանություններին կոչ են արել ճանաչել Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունը, տեղեկացնում է Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն:

Պատգամավորներ Կրեյգ Քելլին, Մալկոլմ Տերնբուլը, Մայքլ Դենբին եւ Ջոել Ֆիտցգիբոնը այդ հարցի նոր ջատագովներն են, ովքեր միացել են  հայկական, հունական  եւ ասորական համայնքների հին բարեկամաներին` Ջոն Ալեքսանդրին, Ջո Հոկիին եւ Փոլ Ֆլեթչերին` հարգանքի տուրք մատուցելով 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակին, հաղորդում է Armenia Online-ը:

Խորհրդարանում ունեցած իր ելույթում  Կրյեգ Քելլին մանրամասն անդրադարձել է Օսմանյան կայսրությունում հայերի, հույների եւ ասորիների դեմ իրականացված ցեղասպանությանը:

«Հայոց ցեղասպանությունը, եւ դրա հետ կապված հույների եւ ասորիների ցեղասպանությունները 1914 -1923թթ. Օսմանյան կայսրությունում քրիստոենական փոքրամասնության դեմ իրականացված նպատակաուղղված եւ համակարգված արշավի արդյունք էին»,- հայտարարել է Քելլին:

Նա ընդգծել է Ավստրալիայի կողմից մարդկության դեմ կատարված այս հանցագործության ճանաչման անհրաժեշտությունը: «Ժամանակն է, որպեսզի մեր խորհրդարանը միանա աշխարհի այլ երկրների խորհրդարաններին եւ ճանաչի այդ ցեղասպանությունները»,-հայտարարել է նա:

«Մեր երկիրը մեծ կապ ունի այն իրադարձությունների հետ, որոնք 1915թ. սկսվել էին Թուրքիայում: Թուրքերն սկսել էին հայերի ցեղասպանությունը ապրիլի 24-ին,  ընդամենը մեկ օր շուտ այն օրվանից, երբ ավստարալացի զինվորները իջնելու էին   ANZAK-ի ծովախորշը, եւ շատ զինվորներ են ականատես եղել այդ ողբերգական դեպքերին»,- ավելացրել է պատգամավոր Ջո Հոկին:

Նա կոչ է արել, որպեսզի Ավստրալիան պաշտոնապես ճանաչի մարդկության դեմ կատարված հանցագործությունը: