Ռուսաստանում բոտուլիզմի ռեկորդային բռնկումը տեղի է ունեցել այն պատճառով, որ ռուսաստանցիները հանգստացել  և սկսել են պատրաստի սնունդ պատվիրել, ասել է «Եդինայա Ռոսիա»-ից Պետդումայի պատգամավոր Սերգեյ Լիսովսկին։

«Ես խոսում եմ այն քաղաքացիների հանգստության մասին, որոնք իրենց թույլ են տալիս ինչ-որ տեղից ինչ-որ անհայտ աղցաններ պատվիրել, որոնք հայտնի չէ, թե ինչպես են պատրաստվել, և ուտել։ «Ռոսպոտրեբնադզորի» կողմից դա անհնար է ստուգել։ Ավելին, մենք ունենք ստուգումների մորատորիում, և անհնար է ստուգել յուրաքանչյուր բաժինը»,- ասել է Լիսովսկին «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում։

Ըստ պատգամավորի, ինքը երբեք պատրաստի սնունդ չի պատվիրի, քանի որ «չգիտես, թե ինչ կբերեն»։

Պատգամավորը չի բացառել, որ օտարերկրյա «թշնամիները» կարող էին Ռուսաստանին վաճառել թունավոր լոբու մեծ խմբաքանակ, որը հետո ավելացվել է աղցանների մեջ, ինչը բոտուլիզմ է առաջացրել։ «Նրանք («թշնամիները» - TMT) կարող են ցանկացած հանցագործության գնալ։ Բայց միևնույն ժամանակ դա պարզապես կարող է լինել շահույթի ծարավ և փող աշխատելու ձգտում»,- նշել է Լիսովսկին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան, այս տարի Ռուսաստանում բոտուլիզմի ամենաուժեղ բռնկումն է գրանցվել 1999 թվականից ի վեր։ Ընդ որում, 25 տարի առաջ ամբողջ Ռուսաստանում միաժամանակ հիվանդացածների թիվը 180-ից մի փոքր ավելի էր, իսկ այս տարի՝ 417 է, և նրանցից երկուսը մահացել են։ Բոտուլիզմը բռնկվել է Ռուսաստանի 11 տարածաշրջաններում։

Համաճարակաբանական հետազոտության արդյունքներով՝ զանգվածային բոտուլիզմի պատճառ են դարձել լոբով աղցանները, որը նմերմուծվել է արտերկրից։ «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարի խոսքով, լոբին եփել և «վակուումացրել են անհասկանալի ձևով», այնուհետև ավելացրել են աղցանին, որը պատրաստում է  «Кухня на районе» պատրաստի սննդի առաքման ծառայության արտադրամասում։ Սակայն արտադրամասը ռեեստրում գրանցված չի եղել։ Ընդհանուր առմամբ, բոտուլիզմ առաջացրած աղցանը եղել է 2882 պատվերի մեջ։

Մոսկվայի, այնուհետև այլ քաղաքների բնակիչները բոտուլիզմի ախտանիշներով բժիշկների սկսեցին դիմել հունիսի կեսերին: Մինչ այդ նրանք բոլորը կերել են  լոբով աղցան կամ թյունոսով, լոբով և խնձորով աղցան Local Kitchen-ից («Кухня на районе»-ի բրենդը) և «Гастропорт»-ից:

Այս ֆոնին «Кухня на районе»-ն դադարեցրել է հավելվածի աշխատանքը, իսկ դատարանը, «Ռոսպոտրեբնադզորի» Մոսկվայի վարչության պահանջով, կասեցրել է ընկերության գործունեությունը: Քննչական կոմիտեն մի քանի քրեական գործ է հարուցել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման հոդվածով։ Գերատեսչությունը նաև խուզարկություններ է իրականացրել   ընկերություններում և պահեստներում, որտեղ պահվում էր արտադրանքը։