Ուկրաինայի դատախազությունը նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին կասկածում է 1996թ. Գերագույն ռադայի պատգամավոր Եվգենի Շչերբանի պատվիրված սպանության հետ կապ ունենալու մեջ:

Ուկրաինայի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռենատ Կուզմինը, ելույթ ունենալով ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքով, հայտնել է, որ Շչերբանի սպանության համար վարձու մարդասպաններին տրված փողերը հանվել են Յուլյա Տիմոշենկոյի եւ Պավել Լազարենկոյի ընկերությունների հաշվեհամարներից:

Ուկրաինայի դատախազությունը հետաքննությանն օգնելու խնդրանքով դիմել է ԱՄՆ իրավապահ մարմիններին, որտեղ Լազարենկոն փողեր լվանալու համար բանտում է գտնվում:

Խոշոր ֆինանսական «Անտոն» ընկերության ղեկավար եւ պատգամավոր Շչերբանը եւ նրա կինը սպանվել են 1996թ. Դոնեցկի օդանավակայանում: 2002թ. սպանության մեջ կասկածվող ութ մարդ էին ձերբակալվել: Դատարանը նրանց բոլորին մեղավոր է ճանաչել, խմբավորման երեք անդամների դատապարտել են ցմահ բանտարկության, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հիշեցնենք, որ Տիմոշենկոն գազային գործով արդեն բանտում է գտնվում, բայց Ուկրաինայի դատախազությունը նրա դեմ եւս չորս քրեական գործ է հարուցել, որոնք այժմ ուսումնասիրվում են: