«Вести.ru»-ն հաղորդում է, որ Կահիրեում բողոքի նոր հրապարակ է ի հայտ եկել. Ռազմական խորհրդի գրեթե 10 հազար կողմնակիցներ պաշտպանության նախարարության շենքի մոտ ցույցի են դուրս եկել: Նրանք ընդդիմությանը կոչ են անում լքել Թահրիր հրապարակը եւ գեներալներին հնարավորություն տալ իրագործել իշխանությունը փոխանցելու ծրագիրը:
Չնայած Ռազմական խորհրդի զիջումներին եւ նոր վարչապետի նշանակմանը, ռազմական կառավարման հակառակորդները չեն հեռացել Թահրիր հրապարակից եւ նախօրեին ուրբաթօրյա աղոթք են անցկացրել` նվիրված զոհվածների հիշատակին, այնուհետ` «Վերջին հնարավորություն» ակցիան:
Հարյուրավոր ցուցարարներ փորձել են ընդհատել նոր վարչապետի առաջին հեռուստաելույթը` շրջապատելով կառավարության շենքը: Այնուամենայնիվ, ելույթը կայացել է: Քամալ ալ-Գանզուրին հայտնել է, որ առայժմ չի որոշել ապագա կառավարության կազմը: Նա նշել է, որ նման բարդ շրջանում երկրի կառավարումը ստանձնելը մարտահրավեր է ցանկացած քաղաքական գործչի համար, եւ ինքն ընդունում է այդ մարտահրավերը:
Իր հերթին, Գերագույն ռազմական խորհուրդը որոշել է սպասվելիք խորհրդարանական ընտրությունների երեք փուլերից յուրաքանչյուրն անցկացնել երկու օրվա ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով եգիպտական հեռուստատեսությանը:
Եգիպտոսում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան բավական բարդ սխեմայով եւ, ընդհանուր առմամբ, կտեւեն գրեթե կես տարի: Համաձայն ժամանակացույցի` Ժողովրդական ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) համար քվեարկությունը կսկսվի նոյեմբերի 28-ին եւ 3 փուլով կընթանա: Խորհրդարանի ստորին պալատի առաջին նստաշրջանը կբացվի 2012թ. հունվարին` քվեարկության արդյունքները հայտարարվելուց անմիջապես հետո:
Խորհրդատվական խորհուրդը (խորհրդարանի վերին պալատ) կընտրվի հաջորդ տարվա փետրվար-մարտին եւ աշխատանքը կսկսի մարտի 24-ին:



























