Իսլանդիայի իշխանությունները հրաժարվել են Չինաստանի ամենահարուստ արդյունաբերողներից մեկի շահավետ առաջարկից, քանի որ օտարերկրացիներին  «այդքան մեծ հողատարածքներ» չեն վաճառում:

Ըստ BBC-ի, Հուան Նուբոն ցանկացել է երեք հարյուր քառ. կմ հողատարածք ձեռք բերել` առողջարանական կենտրոն կառուցելու նպատակով:

Նշվում է, որ որոշ քննադատներ մտահոգություն են հայտնել այդ գործարքի կապակցությամբ, քանի որ այն Չինաստանին հնարավորություն կտար Արկտիկայում ռազմավարական պլացդարմ հիմնել, որի բնական ռեսուրսների յուրացումը Պեկինում գնալով ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում:

РБК-ն հիշեցնում է, որ, ըստ գիտնականների գնահատականների, Արկտիկան նավթի եւ գազի ամենահարուստ բնօրրանն է, եւ արդեն երկար տարիներ շարունակվում են վեճերն այն հարցի շուրջ, թե ով պետք է զբաղվի դրանց մշակմամբ: Մասնավորապես, դրան հավակնում են Ռուսաստանը, Դանիան, Կանադան, ԱՄՆ-ն, ինչպես նաեւ հեռավոր հարավում գտնվող Չինաստանն ու Ճապոնիան: