Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի առանցքային դեմքերից մեկին` «Շլամ» մականունով Արմեն Մուրադյանին եւ նրա ընկերոջը՝ Ասատուր Առուստամյանին թմրանյութ պահելու կասկածանքով ձերբալակման մասին լուրը հաստատեց Ոստիկանությունը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ Քր.օր.-ի 268 հոդվածի 2-րդ մասին հատկանիշներով (Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի): Կենտրոնի քննչական բաժնում ընթանում է նախաքննություն: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ թմրանյութ պահելու կասկածանքով երեկ ոստիկանները ձերբակալել են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի առանցքային դեմքերից մեկին՝ «Շլամ» մականունով Արմեն Մուրադյանին, եւ նրա ընկերոջը՝ ոմն Ասոյին: «Հրապարակ» թերթի փոխանցմամբ` Շլամն «Արարատցեմենտ» գործարանի արտադրանքի հիմնական իրացնողն է՝ իրացման առյուծի բաժինը նրան է պատկանում: Շլամին են պատկանում մոտ 3 տասնյակ ցեմենտատար մեքենաներ: Ի դեպ, նա ծագումով Վեդիից է, եւ նրա եղբայրը մոտ երկու տարի առաջ Արարատում կրակել էր ոստիկանի վրա: «Ինքը՝ Շլամը, իրավապահների թիրախում հայտնվել է Երեւանում: Սա թերեւս նույնպես պետք է դիտարկել ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության ֆոնին: Ըստ Էության, քաղաքական պայքարը սահուն անցնում է քրեական դաշտ: Մեր աղբյուրներն ասում են, որ առաջիկա շաբաթներին հետապնդումների նոր ալիք Է սկսվելու ԲՀԿ-ի նկատմամբ»,- գրել էր թերթը:


























