«Արդարություն եւ զարգացում» իսլամիստական կուսակցությունը հայտարարել է նոյեմբերի 25-ին կայացած Մարոկկոյի ընտրություններում հաղթելու մասին: Սակայն պաշտոնապես այն դեռ չի հաստատվել, հայտնում է Reuters գործակալությունը:
Նշենք, որ Մարոկկոն Հյուսիսային Աֆրիկայի երկրորդ երկիրն է` Թունիսից հետո, որտեղ «արաբական գարնանից» հետո կառավարություն ձեւավորելու իրավունք կարող է ստանալ չափավոր իսլամիստական կուսակցությունը:
Բարեփոխումների շնորհիվ խորհրդարանը եւ կառավարությունը նախկինից ավելի շատ լիազորություններ են ստացել: Այսպես, երկրի թագավոր Մուհամեդ IV-ը պետք է վարչապետ նշանակի քվեարկության արդյունքում հաղթող ճանաչված կուսակցության ներկայացուցչին:
РБК-ն գրում է, որ ընտրություններին ընդհանուր թվով 31 կուսակցություն է մասնակցել եւ երկու անկախ թեկնածուներ, որոնք պայքարել են 395 տեղանոց խորհրդարանում տեղի իրավունք վաստակելու համար:
Ըստ «Газета.Ru»-ի` քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը կազմել է 45 տոկոս, չնայած մի շարք ակտիվիստներ կոչ էին արել բոյկոտել ընտրությունները: Դեկտեմբերի 4-ին ամբողջ երկրում բողոքի նոր ցույցեր են նախատեսվում. թագավորին մեղադրում են խոր ժողովրդավարական փոփոխություններ կատարելու ցանկության բացակայության համար:




























