Կահիրեում իրավիճակը կրկին խառն է. ոստիկանները կառավարության շենքը շրջափակած ցուցարարներին ցրելու անհաջող փորձ են ձեռնարկել, ինչի հետեւանքով 16 ցուցարարներ տեղափոխվել են հիվանդանոց:
«ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով ականատեսներին, տեղեկացնում է, որ զրահապատ վեց մեքենաներ մոտեցել են Թահրիր հրապարակից ոչ հեռու գտնվող կառավարության շենքին: Ոստիկանները արցունքաբեր գազի կոտորակներով կրակել են ցուցարարների վրա, ինչին ի պատասխան` վերջիններս սկսել են քարկոծել մեքենաները, նույնիսկ փորձել են այրել դրանցից մեկը: Անվտանգության ուժերը որոշել են փողոցից հեռանալ, եւ շրջադարձ կատարելիս ոստիկանական մեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներից մեկին:
15 ցուցարարներ հիվանդանոց են տեղափոխվել արցունքաբեր գազից թունավորվելու, մեկը` վրաերթի ենթարկվելու պատճառով, ծանր վիճակում:
Հիշեցնենք, Եգիպտոսում շատերը դժգոհ են Քամալ ալ-Գանզուրիի վարչապետ նշանակվելու փաստից, քանի որ նա նույնացվում է Մուբարաքի վարչակազմի հետ, եւ շրջափակել էին կառավարության շենքը:
Միեւնույն ժամանակ, ալ-Գանզուրին հայտարարել է, որ նման բարդ իրավիճակում երկրի կառավարումը ստանձնելը մարտահրավեր է ցանկացած քաղաքական գործչի համար, եւ ինքն ընդունում է այդ մարտահրավերը:



























