NHK հեռուստաալիքը տեղեկացնում է, որ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի բրնձի մեջ կրկին նորման գերազանցող քանակությամբ ռադիոակտիվ տարրեր են հայտնաբերվել:
Օնամի շրջանում մեկ կգ չմշակված բրնձում ռադիոակտիվ տարրերի պարունակությունը կազմել է 1,27 հազար բեկերել, այնինչ պետական ստանդարտով` 1 կգ բրնձում այն պետք է չգերազանցի 500 բեկերելը: Նախքան վերջնական արդյունքների ստացումը, իշխանությունները դիմել են շրջանի ֆերմերներին` խնդրելով զերծ մնալ բրինձը վաճառքի հանելուց:
Հիշեցնենք, որ «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարից հետո ճապոնական հիմնական մթերքի` բրնձի մեջ ռադիացիայի բարձր մակարդակն առաջին անգամ գրանցվել էր նոյեմբերի 11-ին:
Կենտրոնական կառավարությունը տվյալ շրջանում բրնձի վաճառքն արգելելու որոշումը կայացրել էր նախորդ շաբաթ:

























