Եվրախորհրդարանի ղեկավար Եժի Բուզեկը խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայում մեծ թվով լրագրողների ձերբակալությունները:

«Փաստարկը, որ լրագրողներն ակտիվ են կառավարության նկատմամբ եւ այդ պատճառով են ձերբակալվում, անընդունելի է: Լրագրողի աշխատանքն այն է, որ հարցեր գրի եւ ուղղի կառավարությանը: Դա չպետք է զարմանք հարուցի», - Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Բուզեկը:

Ըստ նրա` Եվրոպական խորհրդարանն անհանգստացած է Թուրքիայում տպագրության եւ խոսքի ազատության  ընթացիկ վիճակով, հաղորդում է  «Hurriyet Daily News»-ը:

«Ես հասկանում եմ, որ ձեր իշխանությունները դա մեկնաբանում են իբրեւ ահաբեկչության դեմ պայքար, այլ ոչ թե խոսքի ազատությունը խեղդելու փորձ: Սակայն մենք համամիտ չենք այդ դիրքորոշմանը», - ընդգծեց Եվրախորհրդարանի ղեկավարը` նշելով ահաբեկչության դեմ պայքարի եւ Զանգվածային լրատվամիջոցների մասին օրենքներում ճշտումներ կատարելու անհրաժեշտության մասին: