Երեւանի Ջավարյան 64 շենքում երեկ ժամը 21-ի սահմաններում հնչած կրակոցների հետեւանքով Կենտրոնական բաժին բերման ենթարկված Աշոտ Ղազարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: NEWS.am-ին Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ոստիկանության Կենտրոնի Քննչական բաժնում Քրօրի 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով) հարուցվել է քրգործ: Նրանց փոխանցմամբ` Աշոտ Ղազարյանը օդ է կրակել իր մոտ օրինական կերպով պահվող որսորդական հրացանով: Ի դեպ, մեր տեղեկություններով` Աշոտ Ղազարյանը Ոսկու շուկայում առեւտրով է զբաղվում:
Նշենք, որ «Առավոտ» թերթը տեղեկացրել էր, որ կրակողներից մեկը գործարար Աշոտ Ղազարյանն էր, ում որդին ընդունվել է Մոսկվայի պետական համալսարան, եւ այդ առթիվ, կազմակերպված քեֆի պահին մտքներով անցել է տանը եղած զենքերով կրակել օդ:



























