Նովոռոսիյսկը ենթարկվել է հեռակառավարվող անանձնակազմ նավակների գրոհին հուլիսի 18-ի առավոտյան, տեղեկացրել է քաղաքի ղեկավար Անդրեյ Կրավչենկոն։
Առավոտյան ժամը հինգին մոտ Կրավչենկոն թելեգրամ-ալիքում գրել է, որ Նովոռոսիյսկում գրոհի պատճառով շչակ է հնչում։ Նա առաջին ափագծի բնակիչներին կոչ է արել թաքնվել սենյակներում, որտեղ պատուհանները ծովին չեն նայում։ Առավոտյան ժամը 7.24-ին քաղաքի ղեկավարը տեղեկացրել է, որ գրոհի ազդանշանը չեղարկվել է, իսկ Նովոռոսիյսկի բնակիչներին ոչինչ չի սպառնում։ Գրոհի հետեւանքների մասին չի տեղեկացվում։
Ծովային անօդաչուն նաեւ փորձել է գրոհել Սեւաստոպոլը, առավոտյան ժամը 4.46-ին տեղեկացրել է անեքսիայի ենթարկված քաղաքի՝ Ռուսաստանի կողմից նշանակված ղեկավար Միխայիլ Ռազվոժաեւը։ «Մեր զինվորականները հետ են մղել վերջրյա անօդաչուի գրոհի փորձը։ Այն ոչնչացվել է»,- ասել է Ռազվոժաեւը։ Այլ մանրամասներ նա չի ներկայացրել։
Ուկրաինական «Крымский ветер» թելեգրամ-ալիքը, հղում կատարելով բաժանորդներին, տեղեկացրել է, որ Սեւաստոպոլում լսվել են պայթյուններ եւ հրաձգություն Կազաչյի բուխտայի շրջանում։ Թելեգրամ-ալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ ցուցադրված է, թե ինչպես են ռուս զինվորականները հետ մղում ծովային դրոնի գրոհը։





























