Տոմսկի մարզում աշխատանքային միգրանտներին կարգելեն տաքսի վարել, աշխատել հանրային սննդի եւ կրթության համակարգում։ Այսպիսի որոշում է ընդունվել «հակաահաբեկչական հանձնաժողովում, ազգային սփյուռքերի ներկայացուցիչների մասնակցությամբ», տեղեկացրել է նահանգապետ Վլադիմիր Մազուրը։

Սահմնափակումները կմտցվեն 2024թ. նոյեմբերի 1-ից եւ կվերաբերեն աշխատանքային պատենտներ ունեցող օտարերկրյա քաղաքացիներին։

«Խնդրում եմ մարզի ձեռնարկություններին նախապես իրենց հաստիքները համապատասխանեցնել նոր կանոններին։ Կզարգացնենք կադրային պոտենցիալը եւ սոցիալական ոլորտները ի հաշիվ հայրենական մասնագետների»,- գրել է Մազուրը թելեգրամ-ալիքում։

Ավելի վաղ միգրանտների աշխատանքի արգելք առանձին ճյուղերում մտցրել էին Չելյաբինսկի, Մագադանի, Կալինինգրադի, Կուրսկի, Տուլայի, Նովոսիբիրսկի, Տյումենի, Կալուգայի եւ Նովգորոդի մարզերում, Խանտի-Մանսիյսկի ինքնավար օկրուգում՝ Յուգրայում, Յակուտիայում, Կամչատկայում, ինչպես նաեւ օկուպացված Ղրիմում։ Այսպիսով, Տոմսկի մարզը 14-րդ ռուսական մարզն է, որտեղ գործելու են նման միջոցներ։

Ռուսաստանի իշխանություններն արագացրել են սահմանափակումներ մտցնելը միգրանտների աշխատանքում «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչությունից հետո մարտի 22-ին, որի հետեւանքով զոհվեց 145 մարդ, ավելի քան 550 հոգի վիրավորվեց։ Պետդումայի անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման գծով կոմիտեի անդամ Միխայիլ Շերեմետը հայտնել է, որ Ռուսաստանում որոշ միգրանտների «կույր օգտագործում են», որպեսզի վնասեն ռուսաստանցիներին, այդ թվում նրանց վերածում են «գործիքների» ահաբեկչություններ կատարելու եւ «իրադրությունն ապակայունացնելու» համար։ Նա կոչ է արել ընդհանուր առմամբ սահմանափակել երկիր միգրանտների մուտքը Ուկրաինայի հետ պատերազմի ընթացքում։

Միաժամանակ, ուժային մարմինները 2013-ից հետո ամենամեծ «որսն» են սկսել անլեգալ միգրանտների դեմ եւ ստուգումներ կատարել երկրի առնվազն 68 շրջաններում։ Այս ֆոնին ՆԳՆ-ն առաջարկել է խստացնել միգրացիոն օրենսդրությունը։

Միեւնույն ժամանակ, աշխատանքային միգրանտների համար սահմանափակումները մտցվում են Ռուսաստանում աշխատուժի անբավարարության պայմաններում, որն արդեն դարձել է գլխավոր խնդիրը տնտեսության համար։ Ռոսստատի տվյալների համաձայն՝ մարտին գործազրկության մակարդակն իջել է՝ հասնելով պատմական նվազագույնին՝ 2,7 տոկոսի (2 մլն մարդ)։ Ընդ որում, ինչպես նշել է աշխատանքի նախարար Անտոն Կոտյակովը, մինչեւ 2030թ. Ռուսաստանը լրացուցիչ 2,4 մլն կադրի պակաս կունենա։ Ռուսական ընկերություններն արդեն փնտրում են աշխատողների ոչ միայն Կենտրոնական Ասիայի երկրներում, այլեւ Աֆրիկայում։