Բողոքի ակցիա կազմակերպած Չեռնոբիլի վետերանների ճամբարում վրանը հեռացնելիս ցուցարարներից մեկը մահացել է: Բողոքի ակցիան տեղի է ունենում Դոնեցկում` Կենսաթոշակային հիմնադրամի շենքի դիմաց, հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը:
Տեղեկատվության համաձայն, նոյեմբերի 27-ին, ոստիկանների ուղեկցությամբ «չեռնոբիլցիների» ճամբար են ժամանել քաղաքացիական հագուստով մարդիկ, որոնք քանդել շտաբ հանդիսացող վրանը եւ հեղացել, մյուս վրանները թողնելով անվնաս:
Ոստիկանների խոսքով, վրանը հեռացնելիս, ցուցարարներից մեկն իրեն վատ է զգացել եւ նա մի քանի րոպե անց մահացել է «շտապօգնության» մեքենայում: Իրավապահները պնդում են, որ իրենց եւ ցուցարարների միջեւ ոչ մի հակադրություն չի եղել: Միաժամանակ, «Բատկիվշչինա» կուսակցության պատգամավորներից մեկը նշել է, որ վրանը հեռացնելիս ցուցարարին տրորել են, հաղորդում է Korrespondent.net-ը:
«Չեռնոբիլցիների» վրանային ճամբարը Կենսաթոշակային հիմնադրամի շենքի առաջ դրվել է նոյեմբերի կեսերից: Նոյեմբերի 23-ին Դոնեցկի դատարանը որոշել է արգելել պիկետը:
Նշենք, որ Չեռնոբիլի վետերանների բողոքի ակցիաներ են ընթանում Ուկրաինայի տարբեր քաղաքներում: Ցուցարարները պահանջում են իրենց բարձրացված թոշակներ վճարել, նաեւ բողոքում են իրենց արտոնությունները վերացնող օրինագծի դեմ, որով հանդես է եկել երկրի կառավարությունը, գրում է «Lenta.ru»-ն:


























