Մոսկվայի «Ստարի Բաքու» սրճարանում «հաշիվներ պարզելու» արդյունքում մեկ մարդ սպանվել է, 5-ը` վիրավորվել:

Մոսկվայի իրավապահ մարմիններից «Ինտերֆաքսին» հայտնել են, որ 38-ամյա մոսկվացու մահվան պատճառ դարձած միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին: Սրճարանի անվտանգության 42-ամյա աշխատակիցը եւ 24-ամյա մոսկվացին վնասվածքներ են ստացել: Կրծքավանդակին ստացած հրազենային վնասվածքով եւ ուղեղի ցնցումով հիվանդանոց է տեղափոխվել նաեւ 20-ամյա մի երիտասարդ

Հրազենային վնասվածքներ է ստացել նաեւ 38-ամյա մի տղամարդ: 5-րդ տուժածը եւս մոսկվացի է. 27-ամյա երիտասարդը ուղեղի ցնցում է ստացել, նրա դեմքին բաց վերք է եղել: Տուժածների անունները չեն հաղորդվում:

«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի փոխանցմամբ, վիրավորներից 4-ը հայաստանցիներ են:

Ծեծկռտուքից մի քանի ժամ անց, իրավապահները ձերբակալել են 42-ամյա մի մոսկվացու, ով կասկածվում է միջադեպի ժամանակ ծեծելով մարդ սպանելու մեջ:

Հարուցվել է քրեական գործ: