ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից և Ամերիկայի ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի նախընտրական մրցապայքարից դուրս գալուց հետո սոցցանցերում տարածվեցին դավադրության տեսություններ, ինչը հանգեցրեց համացանցում ամերիկյան իրողությունների հավաքական խեղաթյուրմանը։ Այս մասին գրում է Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով վերլուծաբաններին։
Տեսություններից մեկը տարածվեց մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Բայդենը դուրս եկավ ԱՄՆ նախագահական մրցապայքարից և սատարեց փոխնախագահ Կամալա Հարիսին որպես Դեմոկրատական կուսակցությունից նախագահական ընտրությունների թեկնածու: Սոցցանցերում անհիմն պնդումներ են հայտնվել այն մասին, որ Հարիսը իրավասու չէ առաջադրվել իր պաշտոնում: Նրա ծնողները, իբր, ԱՄՆ քաղաքացի չեն եղել նրա ծննդյան պահին:
Մինչ այս սոցցանցերի ամերիկացի օգտատերերը դավադրության տեսություններ էին տարածում Թրամփի դեմ մահափորձից հետո։ Ըստ «նրա որոշ առցանց կողմնակիցների», հուլիսի 13-ի կրակոցը «գաղտնի դավադրության մի մասն էր»՝ ուղղված նրան վերացնելուն, որը կազմակերպվել էր ստվերային ուժերի կողմից, որոնք ներառում էին «խորը պետությունը»՝ Antifa-ն (ձախ հակաֆաշիստ և հակառասիստ քաղաքական շարժում ԱՄՆ-ում ) և նույնիսկ ներկայիս նախագահ Բայդենը, ասվում է հրապարակման մեջ։
Թրամփի ընդդիմախոսներն, իրենց հերթին, վարկած են առաջ քաշել, որ սրա հետևում կանգնած է հենց ինքը՝ նախկին նախագահը, ով նպատակ ուներ առավելության հասնել հասարակական կարծիքի հարցումներում և նաև հերոսական լուսանկարներ անել։ Հրաձգությունից հետո երեք օրվա ընթացքում միայն X-ում (նախկինում՝ Twitter) դավադրության ամենահայտնի տեսությունները դիտվել են ավելի քան 215 միլիոն անգամ, ըստ «Թվային ատելության դեմ պայքարի կենտրոնի»:
Ըստ FT-ի, դավադրության տեսությունները «ԱՄՆ ընտրությունների շուրջ տարածվում են TikTok-ում և Facebook-ում` հրահրելով առցանց լարվածությունը այն ժամանակ, երբ կառավարությունների, ինստիտուտների և ժողովրդավարության նկատմամբ վստահությունն արդեն մարում է»: Թերթը նշում է, որ այս պահին չկա «մեկ մեծ դավադրության տեսություն», դրանք տարածվում են բոլոր կողմերից՝ «բառացիորեն միահյուսված ընտրական քաղաքականության հետ, հատկապես ԱՄՆ-ում»։
Ըստ Քենտի համալսարանի սոցիալական հոգեբանության պրոֆեսոր Կարեն Դուգլասի, հետազոտությունը ցույց է տալիս, որ դավադրության տեսությունները դառնում են առավել գրավիչ, երբ «մեկ կամ մի քանի հիմնարար կարիքներ, ինչպիսիք են ճշմարտության իմացությունը, խախտվում են»:
Թրամփի մահափորձից հետո դավադրության տեսությամբ X գրառումները դիտվել են 215 միլիոն անգամ. FT

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























