Չինաստանի հրավերով 14 պաղեստինյան խմբակցությունների բարձրաստիճան ներկայացուցիչները Պեկինում հուլիսի 21-23-ը հաշտության բանակցություններ են անցկացրել։ Դրա մասին հուլիսի 23-ին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ մամուլի ծառայության փոխտնօրեն Մաո Նինգը։

Նա նշել է, որ պաղեստինյան խմբավորումները ստորագրել են Պեկինի հռչակագիրը՝ պառակտումը դադարեցնելու և պաղեստինյան ազգային միասնությունն ամրապնդելու նպատակով։

«Առաջին անգամ բոլոր 14 պաղեստինյան խմբակցությունները հավաքվեցին Պեկինում և հաշտեցման բանակցություններ վարեցին։ Սա թանկարժեք հույս է ներշնչում Պաղեստինի ժողովրդին, որը շատ երկար է տառապել: Հռչակագրում բարձր է գնահատվում ՝ պաղեստինցիների իրավունքներին, վերջ դնելու պառակտումներին և պաղեստինյան խմբավորումների միջև միասնական դիրքորոշման ձևավորմանը զորակցելու Չինաստանի անկեղծ ջանքերը: Հռչակագրում ընդգծվում է ՄԱԿ-ի հովանու ներքո միջազգային համաժողովի անցկացման անհրաժեշտությունը տարածաշրջանից և նրա սահմաններից դուրս գտնվող ներկայացուցիչների լիարժեք մանդատով և լայն մասնակցությամբ»,- նշել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Ինչպես նշել է Մաո Նինգը, ըստ հռչակագրի, կողմերը համարում են, որ Պեկինի բանակցությունները դրսևորեցին դրական և կառուցողական ոգի և համաձայնում են ապահովել ազգային միասնությունը Պաղեստինի ազատագրման կազմակերպության՝ Պաղեստինի ժողովրդի միակ օրինական ներկայացուցչի բոլոր խմբակցությունների միջև։

«Հռչակագիրը վերահաստատում է հավատարմությունը Պաղեստինի անկախ պետության ստեղծմանը՝ Երուսաղեմ մայրաքաղաքով՝ հիմնված ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի վրա, և ապահովելու Պաղեստինի տարածքի ամբողջականությունը՝ ներառյալ Հորդանան գետի Արևմտյան ափը, Երուսաղեմը և Գազայի հատվածը: Կողմերը պատրաստ են, ըստ պաղեստինյան խմբակցությունների կոնսենսուսի և Պաղեստինի ներկայիս Հիմնական օրենքի՝ ստեղծել ազգային հաշտեցման ժամանակավոր կառավարություն, իրականացնել Գազայի վերակառուցում և հնարավորինս շուտ նախապատրաստել և անցկացնել համընդհանուր ընտրություններ՝ ընդունված համապատասխան ընտրական օրենքներով։ Կողմերն ընդգծել են ընդունված ընտրական օրենքներին համապատասխան Պաղեստինի նոր ազգային խորհրդի ձևավորման համար գործնական միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։

Կողմերը միաձայն պայմանավորվել են ակտիվացնել ժամանակավոր միասնական ղեկավար կառույցը, որը գործելու է ինստիտուցիոնալ և համատեղ իրականացնելու է քաղաքական որոշումների ընդունման գործընթացը։ Կողմերը պայմանավորվել են ստեղծել կոլեկտիվ մեխանիզմ՝ հռչակագրի դրույթների լիարժեք իրագործման համար և կազմել իրականացման գործընթացի ժամանակացույց»,- նշել են Չինաստանի ԱԳՆ-ում։