Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը փաստաթղթերի փաթեթ է ստորագրել, որով իշխանությունը հանձնում է ժամանակավոր կառավարությանը:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ը, իշխանությունը փոխանցվել է փոխնախագահին:

Ստորագրված փաստաթղթերի փաթեթը ենթադրում է նաեւ ժամանակովոր անցումային կառավարության ստեղծում եւ ազատ ընտրությունների անցկացում:

Համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Էր-Ռիադում` Սաուդյան Արաբիայի թագավորի եւ Եմենի ընդդիմության ներկայացուցիչների ներկայությամբ: Նրանք նույնպես իրենց ստորագրությունն են դրել փաստաթղթի տակ:

Սալեհին եւ նրա շրջապատի մարդկանց խոստացել են քրեական հետապնդման չենթարկել:

Հիշեցնենք, որ Եմենի նախագահն արդեն մի քանի անգամ համաձայնել էր հրաժարվել իշխանությունից, բայց վերջին պահին հրաժարվել էր ստորագրել նման փաստաթղթի տակ:

Ավելի քան 30 տարի Եմենը գլխավորած Ալի Աբդալլահ Սալեհի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներն սկսվել էին դեռ փետրվարից: