Այս շաբաթ տեղի է ունենալու Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի եւ խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվելու է Ազգային ժողովի նոր նախագահի թեկնածության հարցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ ԱԺ նոր նախագահի ընտրության հարցը ներառված է դեկտեմբերի 5-ին մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում:
Շարմազանովը, սակայն չպատասխանեց հարցին, թե ում է ՀՀԿ-ն առաջադրելու ԱԺ նախագահի պաշտոնում:
Նշենք, որ ըստ NEWS.am-ի աղբյուրների, ԱԺ նախագահի պաշտոնը կզբաղեցնի ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ իր հրաժարականից օրեր առաջ, ՀՀԿ խորհրդի նիստում, որին մասնակցել էր նախագահ Սերժ Սարգսյանը, որոշվել էր, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պետք է գլխավորի ՀՀԿ-ի նախընտրական շտաբը: Ըստ ՀՀԿ աղբյուրների, այդ առաջարկն ստանալով, Հովիկ Աբրահամյանն առաջարկել էր հրաժարական տալ խորհրդարանի խոսնակի պաշտոնից եւ զբաղվել միայն ընտրական գործընթացներով:
Դրանից հետո, հրաժարականի դիմում էր ներկայացրել նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը, ով հայտարարել է, որ գնում է օգնելու Հովիկ Աբրահամյանին:



























