Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չորեքշաբթի ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսի առջև՝ ձգտելով ստանալ ամերիկյան աջակցությունը Գազայում իր պատերազմին և վերակենտրոնացնել շաբաթներ շարունակ ներքաղաքական բազմաթիվ խնդիրներով զբաղված ազգի ուշադրությունը, գրում է CNN-ը։

Կոնգրեսում Նեթանյահուի ելույթը համընկավ պատերազմի շրջադարձային պահի հետ։ ԱՄՆ պաշտոնյաները լավատեսություն են հայտնել համաձայնագրի հեռանկարների վերաբերյալ, որը կարող է ազատել ՀԱՄԱՍ-ի պատանդներին և վերջ դնել հակամարտությանը: Միևնույն ժամանակ, անցյալ ամսից ազգի համակ ուշադրությամբ հետևում էր նախագահ Ջո Բայդենի տարիքի և մտավոր կարողությունների շուրջ քննարկումներին, որոնք շաբաթավերջին ի վերջո ավարտվեցին ընտրապակքարից դուրս գալու մասին Բայդենի հայտարարությամբ, ինչպես նաև նախկին նախագահ Դոնալդ Թրամփի սպանության փորձին, նշում է ամերիկյան լրատվամիջոցը։

Դա տեղի է ունենում նաև այն պատճառով, որ ձախակողմյան կոգրեսականներից շատերն ավելի ու ավելի են դժգոհում Նեթանյահուի վարած պատերազմից, որի հետևանքով զոհվել է ավելի քան 39 հազար  պաղեստինցի և Գազայի հատվածը հայտնվել է հումանիտար աղետի եզրին:

Կոնգրեսի որոշ անդամներ հայտարարել են, որ չեն մասնակցի Նեթանյահուի ելույթին` ի նշան բողոքի պատերազմի կամ նախապես ծրագրված միջոցառումների պատճառով: Փոխնախագահ Քամալա Հարիսը, որը ներկայում Դեմոկրատական ​​կուսակցության ենթադրյալ թեկնածուն է, Նեթանյահուի ելույթի ժամանակ չի կատարի Սենատի նախագահի իր սահմանադրական պարտականությունները։

Չորեքշաբթի Հարիսը կլինի Ինդիանապոլիսում, սակայն մտադիր է հինգշաբթի հանդիպել Նեթանյահուի հետ, CNN-ին ասել է ամերիկացի պաշտոնյան: Սենատի նախագահ Պրո Տեմփոր Փեթի Մյուրեյը  նույնպես հրաժարվել է ելույթից:

Իր հերթին, սենատոր Բերնի Սանդերսն հայտարարել է, որ ինքը բաց կթողնի ելույթը՝ ի նշան բողոքի «Նեթանյահուի կառավարության կողմից Գազայում մղվող ամբողջական պատերազմի դեմ»։

Հինգշաբթի նախատեսվում է Բայդենի հանդիպումը Նեթանյահուի հետ։