Երեւանում նոյեմբերի 28-ին աշխատանքն է սկսել ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստը: Նիստի շրջանակներում նախատեսված է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի եւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեի եռակողմ հանդիպումը:
Նիստի մասնակիցներին ողջունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն ընթերցել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ուղերձը:
Դիմելով նիստի մասնակիցներին` Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը նշել է հոգեւոր եւ բարոյական մի շարք կարեւորագույն հարցերում միանման դիրքորոշման մասին: Նա նաեւ ափսոսանքով հայտնել է, որ բարոյականության հարցերը ամենեւին էլ առաջնային դիրքում չեն: Քաղաքական ծրագրերում առաջին տեղը հատկացվում է տնտեսական հաջողություններին, մարդու ներքին կյանքը հետին պլան է մղվել. «Միջանձնային, հասարակական, միջպետական հակամարտությունները չեն կարող չանհանգստացնել կրոնական առաջնորդներին, քանի որ մարդու հոգեւոր աշխարհի կոռոզիայի վկայությունն են», - նշել է պատրիարքը:
Դմիտրի Մեդվեդեւը ողջույնի ուղերձում ընդգծել էր խորհրդի ավանդը միջկրոնական երկխոսության զարգացման հարցում, որը հիմնված է ընդհանուր արժեքների, բարիդրացիական ավանդույթների եւ համագործակցության վրա: Ըստ Ռուսաստանի ղեկավարի` նման համատեղ գործունեությունն անհրաժեշտ է երիտասարդ սերնդի դաստիարակության համար:



























