Ուկրաինայի հարցում Գերմանիան ընդունում է որոշումներ, որոնք չեն նպաստում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների սրմանը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ամառային ավանդական ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվում է Phoenix հեռուստաալիքով։

«Մեր բոլոր որոշումները կշռադատված և ընդունված են այնպես, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հակամարտությունը չվերաճի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմի»,- ասել է նա։

Գերմանիայի կանցլերը նաև ընդգծել է, որ Բեռլինը կշարունակի աջակցել Ուկրաինային, սակայն նշել է, որ չի բացառում Ռուսաստանի մասնակցությունն Ուկրաինայի հարցով հաջորդ համաժողովին։

Հուլիսի 24-ին Շոլցն ասել է, որ Գերմանիայի իշխանությունները Բունդեսվերի զինվորականներին չեն ուղարկի Ուկրաինա։