Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կրում կրոնական բնույթ, եւ դրան կրոնական երանգավորում հաղորդելու բոլոր փորձերն ապակառուցողական են: Այս մասին Երեւանում ընթացող ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստում, բացման խոսքի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Արցախի` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար միակ իրատեսական ուղին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում անցկացվող խաղաղ բանակցությունների գործընթացն է: Հայաստանը հետեւողականորեն շարժվելու է այդ ճանապարհով, քանի որ դրա այլընտրանքը որեւէ բարիք չի բերելու ո՛չ մեր հարեւան ժողովրդին, եւ ո՛չ էլ մեզ:

Նման խճճված ու բարդ խնդրի շուրջ բանակցությունները պահանջում են համբերություն եւ սկզբունքայնություն: Մեր սկզբունքային մոտեցումների շարքում պետք է շեշտեմ, որ այս հակամարտությունը չի կրում կրոնական բնույթ, եւ դրան կրոնական երանգավորում հաղորդելու բոլոր փորձերն ապակառուցողական են: Չի կարելի թույլ տալ, որ երկու մեծ կրոնները` քրիստոնեությունը եւ մահմեդականությունը, որոնք դավանում են մեր ժողովուրդները, փորձեն հակադրել միմյանց: Առավել եւս անթույլատրելի ենք համարում հակամարտության քողի տակ պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգության հուշարձանները ոչնչացնելու գործողությունները»,-ասել է նա:

 «Այս կարեւորագույն լսարանի առջեւ Հայաստանի Հանրապետության անունից վերահաստատում եմ բոլոր նման արժեքները պահպանելու եւ, անհրաժեշտության դեպքում, վերականգնելու մեր հանձնառությունը: Մեր այդ քաղաքականության լավագույն ապացույցն է Հայաստանի մայրաքաղաք Երեւանի կենտրոնը զարդարող տասնութերորդ դարի հուշարձան հանդիսացող Կապույտ մզկիթը:

Խոսքիս այս հատվածն ամփոփելով` ողջունում եմ Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի միջնորդությամբ իրականացվող երկխոսությունը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի միջեւ: Շնորհակալ եմ այդ ջանքերի համար, որոնք նպաստում են Արցախի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ընդգծել է Հայաստանի նախագահը: