Բրիտանական իշխանությունները քննարկում են մինչև 3,2 հազար կմ հեռահարության հրթիռների մշակման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է The Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Թերթի փոխանցմամբ՝ Լոնդոնը պատրաստ է Բեռլինի հետ համատեղ իրականացնել այս նախագիծը։ Պարբերականի համաձայն՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հելին հուլիսի 24-ին Գերմանիա կատարած այցի ժամանակ իր գործընկեր Բորիս Պիստորիուսի հետ քննարկել է ռուսական տարածքի վրա հարձակման համար հեռահար հրթիռների մշակման հարցը՝ ռուսական միջուկային ներուժը ոչնչացնելու համար։
Ենթադրվում է, որ այդ հրթիռները հետագայում Գերմանիայում կկարողանան փոխարինել ամերիկյան թեւավոր հրթիռներին։ Հուլիսի 10-ին Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտարարել է, որ 2026 թվականից Միացյալ Նահանգները կսկսի ավելի մեծ հեռահարության նոր կրակային զենքեր տեղակայել Գերմանիայի տարածքում, քան ներկայումս տեղակայված են Եվրոպայի ցանկացած վայրում:
The Times-ի դիվանագիտական աղբյուրը նշել է, որ ամերիկյան հրթիռների տեղակայումը ժամանակավոր միջոց կլինի, քանի դեռ եվրոպական երկրներն իրենք չեն մշակել իրենց հեռահար զենքերը:
Ինչպես նշում է թերթը, Storm Shadow հրթիռները, որոնց հեռահարությունը կազմում է մոտ 250 կմ, ներկայումս հանդիսանում են բրիտանական զինված ուժերի ամենաերկար հեռահարության հրթիռները՝ չհաշված Vanguard դասի Trident II (D5) բալիստիկ հրթիռները, որոնք կրում են Vanguard դասի միջուկային սուզանավերը։
Հուլիսի 24-ին Հելին և Պիստորիուսը ստորագրել են Լոնդոնի և Բեռլինի միջև ռազմական համագործակցության մասին հռչակագիրը, որում նշվում է, որ կողմերի մտադրությունն ամրապնդել համագործակցությունը զենքի և զինամթերքի մշակման, արտադրության և գնման ոլորտում։





























