Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 28-ին, մասնակցել է Երեւանում նոյեմբերի 28-29-ը անցկացվող ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստին, որտեղ հանդես է եկել ողջույնի խոսքով:
Նախագահն իր խոսքում, մասնավորապես, ասել է.
Վեհափա՛ռ Տեր, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդ,
Ձե՛րդ Սրբություն, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ,
Մեծարգո՛ Շեյխ-ուլ-Իսլամ, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադե,
Կրոնական հարանվանությունների մեծարգո՛ ղեկավարներ, հարգելի՛ հյուրեր,
Ինձ համար առանձնահատուկ պատիվ է ողջունել եւ բարի գալուստ մաղթել ԱՊՀ երկրների հոգեւոր առաջնորդների գագաթնաժողովի հարգարժան մասնակիցներին, Վեհափառ Հայրապետի եւ մեր երկրի բոլոր հյուրերին:
Խորհրդանշական է, որ այս հանդիպումը տեղի է ունենում բիբլիական լեռան` մեր երկրի եւ ժողովրդի խորհրդանիշը հանդիսացող Մասիսների ստորոտում: Այստեղ է իջել Նոյը` դուրս ելնելով իր տապանից, եւ վերսկսել մարդկության պատմությունը:
Մենք հպարտ ենք, որ հազարամյակների պատմություն ունեցող մեր երկիրը քրիստոնեության տարածման հնագույն օջախներից մեկն է աշխարհում: Ավելի քան տասնյոթ դար առաջ հայ ժողովուրդն Աստվածաշնչի պատվիրանները որոշեց ընդմիշտ դարձնել սեփական արժեհամակարգի խարիսխը:
Այդ ամբողջ շրջանում մեր ժողովրդի ինքնության դրոշակակիրն ու պահապանն է եղել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին: Մեր պատմության տարբեր հատվածներում այն երբեմն ստիպված է եղել ստանձնել պետական ատյանների դերը: Այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը զրկված էր իր պետականությունից, մեր Եկեղեցին հանդիսացավ հայոց մշակույթի եւ կրթության կարեւորագույն կազմակերպիչը` վառ պահելով ինքնիշխան լինելու եւ սեփական ազատ պետությունը վերստեղծելու վեհ գաղափարը:
Հայոց եկեղեցին իրականության մեջ մշտապես եղել է նաեւ հավատքը եւ համամարդկային արժեքները սերնդեսերունդ փոխանցողը եւ հայկական ինքնության պահպանման աննկուն ջատագովը: Վստահ եմ` ասածս նույնքան ճիշտ է նաեւ այստեղ ներկայացված յուրաքանչյուր կրոնական համայնքի համար: Հոգեւոր վերելքը պետք է իրականություն դառնա յուրաքանչյուրիս հայրենիքում:
Ձեր սերնդի հոգեւոր դասը առանձնահատուկ առաքելություն է ունեցել: Հոգեւոր ծառայության անցնելու որոշումը դուք կայացրել եք պետության կողմից վարվող անբարենպաստ քաղաքական պայմաններում: Բայց, այնուամենայնիվ, դուք հետեւել եք սրտի կոչին եւ հաղթահարել այդ անհարկի ճնշումները:
Այժմ իրողություններն այլ են, եւ ամեն մարդ կարող է ազատ դավանել իր կրոնը: Այստեղ ներկա են ԱՊՀ տարածքում գործող քրիստոնեական, մահմեդական, մովսիսական եւ բուդդայական ավանդական միավորումների առաջնորդները: Սա յուրօրինակ հավաքական ուժ է, որը խորհրդանշում է տարբեր կրոնների խաղաղ համակեցության հզորությունը, նրանց հանդուրժողականությունը եւ փոխադարձ հարգանքը միմյանց հանդեպ:
Արդի աշխարհում հաճախ են արծարծվում այս թեմաները: Բայց այդ քննարկումների ժամանակ երբեմն մոռացվում է, որ «հանդուրժել» նշանակում է համակերպվել մի բանի գոյության հետ, որն այնքան էլ հաճելի չէ: Իսկ դա կարող է լինել մեր բոլորի ցանկացածի նվազագույն շեմը միայն: Մենք պետք է առաջին հերթին կարեւորենք փոխադարձ շփումները, այլ ոչ թե մեկուսացումը: Մենք պետք է կարեւորենք փոխադարձ ըմբռնումը, այլ ոչ թե, այսպես ասած, «օտարի» հանդեպ կասկածամտությունը: Մենք պարտավոր ենք անցնել հանդուրժողականությունից անդին` դեպի փոխադարձ խորը հարգանք խորհրդանշող ավելի բարձր մակարդակը:
Այս գագաթնաժողովը գալիս է ապացուցելու, որ արդի աշխարհի խնդիրները լուծելու միակ ճիշտ ուղին ընդհանուր մարտահրավերների առջեւ բոլորիս ուժերի համախմբումն է, մարդկանց համերաշխության ամրապնդումն է` անկախ նրանց ազգային պատկանելությունից եւ կրոնական համոզմունքներից: Այսօր աշխարհին անհրաժեշտ է խաղաղություն, եւ ոչ երկպառակություն: Այս ճանապարհին հարկ է ոչ թե անտեսել ու ստորադասել, այլ խրախուսել ու ամրապնդել մարդկանց հոգեւոր արմատները: Այն արմատները, որոնք մարդկանց մեջ սերմանում են միմյանց հանդեպ սեր, բարություն, հարգանք եւ ներողամտություն, նպաստում են համաձայնություն եւ խաղաղություն հաստատելուն:
Հարգելի՛ բարեկամներ,
Հայ ժողովուրդը կայացրել է իր պատմական ու անշրջելի որոշումը` զարգանալ իր հարեւանների, բարեկամների եւ համայն մարդկության հետ առավելագույն համագործակցության ուղով: Մենք գտնում ենք, որ հակասություններն ու խնդիրները պետք է կարգավորվեն շփումների, բանակցությունների եւ համագործակցության, եւ ոչ թե սպառնալիքների ու լարման մեծացման միջոցով: Մենք ինքներս ենք պատրաստ եղել առաջինը մեկնել բարեկամություն առաջարկող ձեռքը, անգամ այն ժամանակ, երբ վստահություն չունեինք, որ կստանանք համարժեք պատասխան: Նման դժվար որոշումներ կայացնելուց հետո հիասթափությունը, ինչ խոսք, հուսահատեցնող կարող է լինել»:



























