ԵՄ խորհուրդը Մագդալենա Գրոնոյին նշանակել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նոր հատուկ ներկայացուցիչ։

Խորհրդի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գրոնոն այս պաշտոնում կփոխարինի Տոյվո Կլաարին, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է օգոստոսի 31-ին։

Գրոնոն իր պարտականությունների իրականացմանը կանցնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 12 ամիս սկզբնական ժամկետով:

Որպես ԵՄ նոր հատուկ ներկայացուցիչ, Գրոնոն կշարունակի իր նախորդների աշխատանքը տարածաշրջանում ԵՄ արտաքին քաղաքական նպատակների առաջմղման գործում: Նա կնպաստի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, ներառյալ Վրաստանի ճգնաժամը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հետ սերտ համագործակցությամբ։

ԵՄ նոր հատուկ ներկայացուցիչը կհամագործակցի տարածաշրջանի հիմնական շահագրգիռ կողմերի հետ և կապեր կզարգացնի կառավարությունների, խորհրդարանների, կարևոր  քաղաքական գործիչների և քաղաքացիական հասարակության հետ՝ խրախուսելով տարածաշրջանային թեմաներով համագործակցությունը:

Գրոնոն Չեխիայի քաղաքացուհի է։

Ներկայումս նա զբաղեցնում է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի գլխավոր դիվանագիտական ​​խորհրդականի պաշտոնը։

Վերջին 25 տարվա ընթացքում նա զբաղվել է արտաքին քաղաքականության և հակամարտությունների կարգավորման հարցերով, այդ թվում ԵՄ-ի բարձրաստիճան դիվանագիտական ​​պաշտոններում և վերլուծական կենտրոններում՝ հատուկ ուշադրություն դարձնելով նախկին խորհրդային տարածությանը և, մասնավորապես, Հարավային Կովկասին: Մինչև Միշելի կաբինետում աշխատելը եղել է Եվրոպական խորհրդի նախկին ղեկավար Դոնալդ Տուսկի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականը։