ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախագահական մրցապայքարից դուրս գալու և փոխնախագահ Քամալա Հարիսին պաշտպանելու որոշումը, անակնկալի է բերել Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբին, գրում է Axios-ը՝ վկայակոչելով Հանրապետական ​​կուսակցության աղբյուրները։

Նրանց վկայությամբ, Թրամփի բարձրաստիճան խորհրդականները կասկածել են, որ Բայդենն իսկապես դուրս է եկել մրցապայքարից, երբ հայտարարել է այդ մասին, և սկսել են շտապ նոր փաստարկներ հորինել Հարիսի վրա հարձակվելու համար, գրում է BBC-ն։

Թրամփի թիմը, որը սովորաբար արագ է արձագանքում նախընտրական քարոզարշավի մասին լուրերին, երկու ժամ է ծախսել Բայդենի որոշմանն արձագանքող հայտարարություն հրապարակելու համար, թեև Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում շատ ավելի վաղ է արձագանքել:

Թրամփի նախընտրական շտաբի ավագ խորհրդական Ջեյսոն Միլլերը Axios-ին ասել է, որ Թրամփի թիմը զարմացած էր «այն արագությամբ, որով ազատվեցին Ջո Բայդենից»։

«Անձամբ ես կարծում էի, որ դա տեղի կունենա մեկ շաբաթ անց: Մտածում էի, որ Ջո Բայդենը կփորձի հաղթահարել Բիբիի հետ հանդիպումը»,- ասել է նա՝ նկատի ունենալով Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի Վաշինգտոն կատարած այցը։

«Զարմանալի է, որ ոչ Թրամփը, ոչ էլ Ջեյ Վենսը կիրակի երեկոյան տեսախցիկի առջև ելոիյթ չունեցան,- Axios-ին է ասել Ալեքս Կոնանտը, որն աշխատել է սենատոր Մարկո Ռուբիոյի 2016 թվականի քարոզարշավի շտաբում:-  Ակնհայտ է, որ դա հնարավորության բացթողում էր»։