ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Բաքու կատարած այցի ընթացքում քննարկվելիք հարցերից մեկը շփման գծի վերջին դեպքերը կլինեն: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան: «Ես այդ այցից ինչ-որ  նոր բան չեմ ակնկալում: Բայց այն կարող է լրացուցիչ էներգիա  հաղորդել բանակցություններին», - նշել է դեսպանը:

«Կարծում եմ, որ ադրբեջանցիների եւ հայերի միջեւ հանդիպումները պետք է ինտենսիվ լինեն, միայն այդ դեպքում հնարավոր կլինի ընդհանուր լեզու գտնել: Ես տեղյակ եմ, թե ինչ հարցեր են այժմ դիտարկվում: Ես եւս ավանդ եմ ներդրել այդ գործում: Ըստ իս, եթե կողմերի միջեւ վստահություն լինի, հնարավոր կդառնա  շրջանակային համաձայնագրի աշխատանքն ավարտին հասցնել: Այնուհետ հարկ կլինի հնարավորինս արագ սկսել աշխատել հիմնական նախագծի վրա», - ասել է դիվանագետը:

Հիշեցնենք, որ օրերս ադրբեջանցի դիպուկահարները Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի երկու զինվոր էին սպանել: