Թուրքիայի վարչապետ  Էրդողանը հազիվ թե ներում հայցի 1922թ. իրադարձությունների համար: NEWS.am-ի թղթակցին նման կարծիք հայտնեց Թուրքիայի Բելկենթ համալսարանի փորձագետ Իոաննիս Գրիգորիադիսը` մեկնաբանելով անցյալ դարի 30-ականներին Դերսիմի կոտորածների վերաբերյալ արված հայտարարությունը:

Պատասխանելով հարցին` թե  կարելի՞ է ներողություն ակնկալել նաեւ 1922թ. Սամիրնում (Իզմիր) Մեծ հրդեհի համար, Գրիգորիադիսը նշեց, որ  հունական հանրության մի մասը ներողություն կսպասի: «Սակայն չեմ կարծում, թե կարելի է հուսալ, որ Էրդողանը նմանատիպ ներում կհայցի նաեւ հույների ոչնչացման համար»,-հայտարարեց նա:

Իզմիրում Մեծ հրդեհով ավարտվեց  1919 – 22թթ. հույն-թուրքական պատերազմը: Քաղաքը, որը վերցվել էր հունական զորքերից, հրի մատնվեց: Հրդեհը շարունակվեց 9 օր` ստիպելով  բնակիչներին, որոնք հիմնականում հույներ էին, կային նաեւ հայեր,  լքել իրենց տներեը եւ փախչել:  Զոհերի թիվը գնահատվում է 2-10 հազար (որոշ գնահատականներով` անգամ 100 000),  փախստականներինը` 50 -400 հազար:

Ընդհանուր առմամբ, 1914 - 1923 թթ. երիտթուրքերի  ագրեսիվ քաղաքականությանը զոհ են գանցել  մի քանի հարյուր հազար հույներ: 2007թ. դեկտեմբերին  Ցեղասպանությունների ուսումնասիրման միջազգային ասացիացիայի (IAGS) կողմից այդ իրադարձությունները պաշտոնապես համարվել են ցեղասպանություն:

Այդուհանդերձ, ըստ Գրիգորիադիսի, ներողություն ակնկալել պետք չէ: «Դերսիմի նկատմամբ Էրդողանի քայլը պայմանավորված էր ներքաղաքական հաշվարկներով, մասնավորապես` ուղղված էր  գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակացությանը եւ նրա առաջնորդ Քեմալ Կիլիչդարօղլուին: Հայտարարությունը թելադրված չէր Թուրքիայի  պատմության նկատմամբ նոր, պակաս ազգայնական  եւ ավելի անաչառ հայացք ունենալու մտադրությամբ»,-նշեց հույն քաղաքագետը: