Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ ցեմենտ» գործարանի հիմնական իրացնող «Շլամ» մականունով Արմեն Մուրադյանի եւ նրա ընկերոջ Ասատուր Առուստամյանի նկատմամբ կալանքի սանկցիա է կիրառվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ Արմեն Մուրադյանն ու Ասատուր Առուստամյանը թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալվել են ուրբաթ օրը` նոյեմբերի 25-ին:
Հարուցվել է քրեական գործ Քր.օր.-ի 268 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի): Կենտրոնի քննչական բաժնում ընթանում է նախաքննություն:
Նշենք, որ «Հրապարակ» թերթի փոխանցմամբ` Շլամն «Արարատ ցեմենտ» գործարանի արտադրանքի հիմնական իրացնողն է՝ իրացման առյուծի բաժինը նրան է պատկանում: Շլամին են պատկանում մոտ 3 տասնյակ ցեմենտատար մեքենաներ: Նա, ի դեպ, ծագումով Վեդիից է, եւ նրա եղբայրը մոտ երկու տարի առաջ Արարատում կրակել էր ոստիկանի վրա: «Ինքը՝ Շլամը, իրավապահների թիրախում հայտնվել է Երեւանում: Սա թերեւս նույնպես պետք է դիտարկել ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության ֆոնին: Ըստ էության, քաղաքական պայքարը սահուն անցնում է քրեական դաշտ: Մեր աղբյուրներն ասում են, որ առաջիկա շաբաթներին հետապնդումների նոր ալիք Է սկսվելու ԲՀԿ-ի նկատմամբ»,- գրել էր թերթը:



























