Բելգիայում մեկուկես տարում առաջին անգամ նոր կառավարություն կձեւավորվի, որը կարող է անցնել իր պարտականությունների կատարմանն արդեն հաջորդ շաբաթ: Նոր կառավարության ձեւավորման պարտականությունը դրվել է Էլիո դի Ռուպոյի ուսերին:
Այսօր կայացած մամուլի ասուլիսում նա հայտարարել է, թե Բելգիային «պատերազմից հետո բյուջեի ամենալուրջ առողջացումն է սպասվում», եւ խոստովանել է, թե անխուսափելի սոցիալական լարվածություն է լինելու, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Փաստացի, ձեւավորելով կառավարություն ռեկորդային բացակայությունից հետո, բելգիացիները ստիպված են ձգել գոտիները: Դի Ռուպոն ասել է, որ կառավարության ձեռնարկած միջոցառումները թույլ կտան տնտեսել 11,3 մլրդ եվրո, բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 2,8 տոկոսը: Մինչեւ 2015 թվականը Բելգիան մտադիր է վերադառնալ առանց դեֆիցիտի վիճակին:
Կոալիցիան ստիպված էր գնալ նման միջոցառումների 17 ժամ տեւած բանակցություններից հետո, երբ S&P-ն իջեցրեց Բելգիայի վարկային վարկանիշը:



























