Մոսկվայում Հայաստանի դեսպանատունը ռուսական կողմից առայժմ պաշտոնական դիմում չի ստացել` «Ստարի Բաքու» սրճարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց դեսպանատան մամլո քարտուղար Էդուարդ Ջամբազյանը` մեկնաբանելով նոյեմբերի 28-ի երեկոյի դրությամբ իրավիճակը:
Այսպիսով, առայժմ պարզ չէ, իսկապես միջադեպի ժամանակ տուժել են կամ ընդհանրապես դրան մասնակցել են հայեր: Հիշեցնենք, որ Մոսկվայի «Ստարի Բաքու» սրճարանում «հաշիվներ պարզելու» արդյունքում մեկ մարդ սպանվել էր, 5-ը` վիրավորվել: Ըստ «Ինտերֆաքսի»` 38-ամյա մոսկվացու մահվան պատճառ դարձած միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին: Սրճարանի անվտանգության 42-ամյա աշխատակիցը եւ 24-ամյա մոսկվացին վնասվածքներ են ստացել: Կրծքավանդակին ստացած հրազենային վնասվածքով եւ ուղեղի ցնցումով հիվանդանոց է տեղափոխվել նաեւ 20-ամյա մի երիտասարդ:
Հրազենային վնասվածքներ է ստացել նաեւ 38-ամյա մի տղամարդ: 5-րդ տուժածը եւս մոսկվացի է. 27-ամյա երիտասարդը ուղեղի ցնցում է ստացել, նրա դեմքին բաց վերք է եղել: Տուժածների անունները չեն հաղորդվում:
«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի փոխանցմամբ, վիրավորներից 4-ը հայաստանցիներ են: Ծեծկռտուքից մի քանի ժամ անց, իրավապահները ձերբակալել են 42-ամյա մի մոսկվացու, ով կասկածվում է միջադեպի ժամանակ ծեծելով մարդ սպանելու մեջ: Հարուցվել է քրեական գործ:



























