ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր` նոյեմբերի 28-ին,  ընդունել է հերթական այցով Հայաստանում գտնվող Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: NEWS.am-ին ԱԱԽ մամուլի գրասենյակից հայտնեցին, որ քննարկվել են տարածաշրջանային խնդիրներին եւ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքին առնչվող հարցեր:

Պարոն Լեֆորը նշել է, որ Եվրամիությունը հաստատակամ է հիմնախնդրի արագ հանգուցալուծմանն ուղղված իր ջանքերում` ընդգծելով հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը: ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում համահունչ է հակամարտությունները խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու միջազգային սկզբունքներին, այնինչ հարեւան երկրի դիրքորոշումը հնարավոր չէ ոչ մի կերպ կառուցողական համարել, ինչի աներկբա վկայությունն են հարեւան երկրի կողմից ձեռնարկվող գործնական քայլերը` ռազմական բյուջեի ավելացումը, հասարակության շրջանում թշնամական վերաբերմունքի սերմանումը, ինչպես նաեւ ռազմական հռետորաբանությունը, որն այսօր արդեն աստիճանաբար վերածվում է կոնկրետ գործողությունների` հրադադարի  բազմակի խախտումների տեսքով:

Պարոն Լեֆորը հույս է հայտնել, որ իր հաջորդ այցի ընթացքում հիմնախնդրի կարգավորման դրական դինամիկան առավել ակնհայտ կլինի: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ միջազգային իրադրությանն առնչվող հարցերի շուրջ: