«Ժառանգություն» կուսակցությունն առայժմ վերջնականապես չի որոշել Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու ձեւաչափը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

«Այս պահի դրությամբ դեռ ձեւաչափի վերաբերյալ որոշում չկա, Րաֆֆի Հովհաննիսյանն ինքն էլ ասել էր, որ պատրաստ է քննարկել համագործակցության հարցը, բայց մենք մեզ համար պետք է նվազագույնը ապահովենք միայնակ մասնակցելու հնարավորությունը: Մեր կողմից կա ցանկություն, որ ընդդիմությունը լայն ձեւաչափով մասնակցի»,- նշեց պատգամավորը:

Հարցին, թե ո՞ւմ են համարում հնարավոր դաշնակից, «Ժառանգության» ներկայացուցիչը պատասխանեց. «Ինձ որպես Արմեն Մարտիրոսյան շարքային քաղաքացու համար ընդունելի է «Ազատ դեմոկրատների» հետ համագործակցությունը, որովհետեւ գաղափարական առումով եւ աշխատաոճով նմանություններ կան, եւ նրանք կարող են լինել բնական դաշնակիցներ: Որեւէ քննարկում դեռ չի եղել, սա ընդամենը իմ անձնական տեսակետն է: Մենք հանդիպել, զրուցել ենք, բայց քննարկում դեռ չի եղել: Նման քննարկումները դեռ առջեւում են»:

Արմեն Մարտիրոսյանը նաեւ անդրադարձավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքին «Ժառանգության» առաջնորդի նամակին: «Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները ոչ միայն սրտի ցավով էին գրված, այլեւ խորը մտահոգությամբ: Մենք ունեցել ենք նախկին դառը փորձը, եւ այդ հանգամանքներն են, որ նկատի ենք առել, մանավանդ, որ հասարակությունը հենց այդ մտահոգություններն ունի, ինչ մենք արծարծել ենք: Հնարավոր է` Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ բոլոր մտահոգություններն է ներառել, բայց միանշանակ է, որ իր մտահոգությունները հասարակության կողմից ընդունված են»,- նշեց պատգամավորը եւ հավելեց. «Հաշվի առնելով Սերժ Սարգսյանի արձագանքը, այս պահի դրությամբ կարծում եմ, որ իշխանությունները պատրաստ չեն ազատ եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու, քանի որ պատասխանն ինքնին մերժում էր մի քանի կետեր, որոնք հենց արդար ընտրություններին էին վերաբերում: Այս պահի բառակազմության պարագայում ես մատավախություն ունեմ, որ իրականում որեւէ ցանկություն էլ չունի իշխանությունը»: