ՆԱՏՕ-ի զորքերը «սխալմամբ» են գնդակոծել պակիստանյան բլոկպոստը: Պակիստանցի 28 զինծառայողների կյանք խլած «սխալի», մանրամասները լրատվամիջոցները կարողացել են պարզել ԱՄՆ պաշտպանական գերատեսչության անանուն աղբյուրից:

Ըստ Associated Press-ի` նոյեմբերի 26-ի դեպքից քիչ առաջ այդ շրջանում գրոհայինները հարձակվել են ամերիկյան եւ աֆղանական հատուկ ծառայությունների աշխատակիցների վրա, որոնք այդ պահին Աֆղանստանի տարածքում են գտնվել` Պակիստանի սահմանից ոչ հեռու: Գրոհայինները հասցրել են թաքնվել, եւ ՆԱՏՕ-ի ուժերը հետապնդել են նրանց` այդ մասին տեղեկացնելով պակիստանյան հրամանատարությանը:

Երկու ժամ որոնումներից հետո նրանք հայտնաբերել են պակիստանյան բլոկպոստը եւ, գրոհայինների ճամբարի տեղ ընդունելով, օդային աջակցություն են խնդրել: Դրանից հետո ՆԱՏՕ-ի ուղղաթիռները ներխուժել են Պակիստանի տարածք եւ գնդակոծել բլոկպոստը:

Ավելի վաղ ամերիկյան զինծառայողներն արդեն հայտարարել էին, որ, ամենայն հավանականությամբ, հարվածը սխալմամբ է հասցվել, սակայն մինչ օրս մանրամասներ հայտնի չէին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, պակիստանյան զինվորների մահվան պատճառ դարձած գրոհը արդեն կտրուկ վատթարացրել է Պակիստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները: Նոյեմբերի 27-ին Պակիստանը վերջնականապես փակել է Աֆղանստանում գտնվող ՆԱՏՕ-ի զորքերի համար բեռներ տեղափոխելու տրանսպորտային միջանցքները:

Ավելի վաղ Պակիստանը նաեւ ԱՄՆ-ից պահանջել էր 15 օրվա ընթացքում լքել Շամսիի ավիաբազան, որը ամերիկյան զորքերն օգտագործում են անօդաչու սարքերի մասնակցությամբ գրոհներ կազմակերպելիս:

Նոյեմբերի 27-ին Պակիստանի հազարավոր բնակիչներ ԱՄՆ դեսպանատան դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել, որի ընթացքում այրել էին Բարաք Օբամայի խրտվիլակը:

Հիշեցնենք, նոյեմբերի 26-ի գիշերը Դաշինքի  մի քանի ռազմական ուղղաթիռներ հատել էին Պակիստանի սահմանը եւ գնդակոծել սահմանային բլոկպոստը: Նվազագույնը 28 զինծառայող զոհվել էր, 14-ը` վիրավորվել

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ պաշտպանական գերատեսչության ղեկավար Լեոն Պանետան ափսոսանք էին հայտնել կատարվածի կապակցությամբ եւ խոստացել մանրակրկիտ հետաքննել տեղի ունեցածը:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը ցավակցություն էր հղել պակիստանյան զինվորների մահվան կապակցությամբ եւ դեպքն անվանել ողբերգական պատահականություն: