Եգիպտոսում նոյեմբերի 28-ին կայացել է խորհրդարանական ընտրությունների քվեարկության առաջին օրը: Դիտորդներն ընդգծում են ընտրողների մեծ ակտիվությունը, ինչի արդյունքում ընտրատեղամասերում հերթեր են գոյացել: Ընտրատեղամասերը նշանակված ժամկետից երկու ժամ ուշ են փակվել:
Այսօր քվեարկությունը կշարունակվի: Հիշեցնենք, խորհրդարանական ընտրությունները Եգիպտոսում բարդ ընթացակարգով են ընթանում: նոյեմբերի 28-29-ին քվեարկում են նահանգների մի մասի բնակիչները, մնացած մասը կքվեարկի դեկտեմբերի 14-15-ին, երրորդ մասը` 2012թ. հունվարի 3-4-ին:
Քվեարկության ընթացքում մի շարք շրջաններում խախտումներ են արձանագրվել: Այսպես, Մարդու իրավունքների պաշտպանության ազգային կոմիտեն 160-ից ավելի բողոքներ է ստացել երկրի տարբեր շրջաններից: Գրանցվել են ընտրատեղամասերում քարոզչություն իրականացնելու եւ ընտրողներին կաշառելու դեպքեր:
Եգիպտոսի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ նախօրեին ընտրատեղամասում մեկ մարդ մահացել է սրտի կաթվածից, մի քանի անձ հիվանդանոց են տեղափոխվել հերթում երկար կանգնելու հետեւանքով ուշաթափվելու պատճառով, գրում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի ընտրությունները քաղաքական բարդ իրավիճակում են ընթանում: Արդեն մեկ շաբաթ է` երկրում շարունակվում են բողոքի զանգվածային ցույցերը եւ ցուցարարների ու ոստիկանության բախումները:
Ցուցարարները Գերագույն ռազմական խորհրդից պահանջում են իշխանությունը շուտափույթ հանձնել քաղաքացիական կառավարությանը:



























