Վաշինգտոնի Քարնեգի հիմնադրամում տեղի է ունենում «Հարավային Կովկասը անկախության ձեռքբերումից 20 տարի անց» խորագրով երկօրյա կոնֆերանսը:
Կոնֆերանսի մասնակիցները կքննարկեն Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում 20-ամյա անկախության եւ պետականության կառուցումից քաղած դասերը, ինչպես նաեւ կշոշափեն տարածաշրջանի հետագա զարգացման ուղիների որոնման հարցը: Այս մասին հաղորդվում է հիմնադրամի պաշտոնական կայքէջում:
Կոնֆերանսին կմասնակցեն քսանից ավելի մասնագետներ, գիտնականներ, լրագրողներ, Հարավային Կովկասի երկրների քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, որպեսզի քննարկեն մարդու իրավունքների զարգացումը, տնտեսական բարեփոխումները, զանգվածային լրատվամիջոցների զարգացումը, ինչպես նաեւ արեւմտյան ինստիտուտների դերը տարածաշրջանի ժողովրդավարականացման հարցում:
Մասնակիցների թվում են նաեւ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը եւ Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քեննեթ Յալովիցը:




























