Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ով աշխատանքային այցով ժամանել է Արգենտինա, նոյեմբերի 28-ին այցելել է հայ եւ արգենտինական ժողովուրդների բարեկամության խորհրդանիշներից մեկը հանդիսացող Արգենտինայի մայրաքաղաքում գտնվող Արմենիա հրապարակ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը երկրի ղեկավարն այցելել է Բուենոս Այրես նահանգի Հայաստան ավան եւ հանդիպել բնակիչների հետ:
Նախագահը նշել է, որ Հայաստան ավանը արգենտինահայ համայնքի կարեւոր օջախներից մեկն է, ու նա մեծապես նպաստում է ազգային ինքնության պահպանմանը եւ ներհամայնքային կապերի ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում Բակո Սահակյանն անդրադարձել է Արցախի կյանքին, մեր հանրապետության ձեռքբերումներին եւ անելիքներին:
Միջոցառումներին մասնակցել են Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արգենտինայում, Ուրուգվայում եւ Չիլիում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք:




























