Ուկրաինական զորքերը, որոնք օգոստոսի 6-ին ներխուժել են Կուրսկի մարզի Սուջայի շրջան, ամրացել են սահմանամերձ գոտում, նշում է ՌԴ ՊՆ-ին մոտ կանգնած «Ռիբար» թելեգրամ-ալիքը։

Ալիքի հեղինակ Միխայիլ Զվինչուկի տվյալներով՝ Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումները գրավել են Նիկոլայեւո-Դարյինո, Դարյինո եւ Սվերդլիկովո գյուղերը։ Ուկրաինական ու ռուսկան զորքերը մարտեր են մղում Գոնչարովկայում եւ Օլեշնյայում։

Կուրսկի մարզ ներխուժել է 400 ուկրաինացի զինծառայող, երկու հազար զինծառայող կենտրոնացած է սահմանի երկայնքով, գրել է «Ռիբարը»։ Զվինչուկի կարծիքով՝ ուկրաինական գործողությունը պատրաստվել է երկար ժամանակ եւ կարող է շարունակվել առնվազն մի քանի օր։

«Архангел спецназа» եւ «Два майора» ալիքների տվյալներով՝ ուկրաինացիները շարունակում են առաջ շարժվել Սուջայում, քաղաքը փաստացի տարհանված է։ Ուկրաինացիների նպատակներից մեկը կարող է լինել «Սուջա» գազաչափիչ կայանի ոչնչացումը։

Տեղի իշխանությունները եւ ՌԴ ՊՆ-ն մարտերի մասին մանրամասներ չեն ներկայացնում։ Նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հայտնել է, որ «մարզը հերոսաբար դիմակայում է ուկրաինացի նացիստների գրոհներին, բոլոր արտակարգ ծառայությունները բերվել են աշխատանքի ուժեացված ռեժիմի»։ Նա քաղաքացիներին կոչ է արել լրացնել դոնորական արյան պաշարները տեղի հիվանդանոցներում, գրել է «Մեդուզան»։

Օգոստոսի 7-ի գիշերը ուկրաինական դրոնները երկու անգամ հարվածել են Սուջային, նշել է Սմիրնովը։ Առաջին դեպքում անօդաչուն պայթուցիկ է նետել Բելայա սլոբոդայի ճանապարհին, վիրավորվել է երու երեխա։ Երկրորդ հարվածը կատարվել է շտապօգնության մեքենայի ուղղությամբ, զոհվել են վարորդը եւ բուժակը, բժիշկը վիրավորվել է։ Կուրսկի մարզում գիշերը խփվել են չորս հրթիռ եւ երեք դրոն։

Տուժածների ընդհանուր թիվը ավելացել է՝ հասնելով 28 մարդու, ՏԱՍՍ-ին ասել է մարզի գլխավոր արտահաստիքային վիրաբույժ Անդրեյ Լոկտիոնովը։ Երեխայի իրավունքների գծով լիազոր Մարիա Լվովա-Բելովան հայտնել է, որ տուժածներից վեցը երեխաներ են։ Նահանգապետի պաշտոնակատարը տեղեկացրել է երեք զոհի մասին։

ՌԴ ՊՆ-ն օգոստոսի 7-ի առավոտյան տեղեկացրել է, որ գիշերը ոչնչացրել է երեք անօդաչու Բելգորոդի մարզում, չորսը՝ Կուրսկի, երկուական՝ Վորոնեժի եւ Ռոստովի մարզերում։